Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

2010-ԻՆ ԷԼ ԳՆԵՐԸ ՉԵՆ ԻՋՆԻ

2010-ԻՆ ԷԼ ԳՆԵՐԸ ՉԵՆ ԻՋՆԻ
10.11.2009 | 00:00

Դրամի արժեզրկումը կամ արժևորումը, ինչպես նաև միջազգային շուկայում 3դոլարի ուժեղացումն ու թուլացումը հանգեցնում են Հայաստանում պարենային և ոչ պարենային ապրանքների գների աճին։ Սա մի պարադոքս է, որը, թերևս, դուրս է տնտեսագիտական տրամաբանությունից, սակայն հայկական իրողություն է, որն իր մաշկի վրա է զգում բնակչությունը։
Մեծածախ և մանրածախ շուկաներում կրկին բարձրացել են բոլոր ապրանքատեսակների գները։ Ինչպես փաստում են փոքր և մեծ խանութների աշխատողները, վերջին մեկ ամսում շաքարավազի գինը կրկին բարձրացավ մոտ 60 դրամով (հիշեցնենք, որ տարեսկզբին մեկ կիլոգրամ շաքարավազի գինը բարձրացավ 100 դրամով)։ Մասնավորապես, եթե մանրածախ շուկայում շաքարավազի գինը 240-250 դրամ էր, այժմ` 340-350։ Հարկ է ընդգծել, որ առանձին խանութներում, օրինակ, Նոր Արեշի փողոցի խանութներում, ընդհանրապես վերացել է շաքարավազի կիլոգրամով վաճառքը, իսկ փաթեթավորվածի կես կիլոգրամի գինը 200 դրամ է։ Այսինքն, մեկ կիլոգրամ շաքարավազի գինը որոշ խանութներում հասել է 400 դրամի։ Գնաճն առկա է նաև բուսական և կենդանական յուղերի գծով` կարագը` 2,2, ձեթը` 2,4 տոկոսով թանկացել են։ Այս շուկայում 200-250 դրամով թանկացել են կարագի մի քանի տեսակներ։ Օրինակ, «Դոյարուշկա» տեսակի կարագի 200-գրամանոց մեկ տուփը 380-ից դարձել է 430 դրամ, ավստրիական կարագի մեկ կիլոգրամը 2000 դրամից դարձել է 2400 դրամ։ Բարձրացել են նաև ձավարեղենի գները։ Այլ կերպ ասած, սրանք այն մթերքներն են, որոնք կենսական անհրաժեշտություն ունեն։
Գնաճի հարցում հետ չի մնացել դեղորայքային շուկան, որտեղ այս տարի գարնանն արդեն մեկ անգամ գների կտրուկ բարձրացում տեղի ունեցավ։ Այս պահի դրությամբ դեղորայքային շուկայում գնաճը «ծաղկում» է։ Ըստ որոշ պնդումների` հատկապես լայն պահանջարկ ունեցող որոշ դեղամիջոցների գները կրկնապատկվել են։ Ի դեպ, պետք է նկատենք, որ այս տարվա գարնանը ՌԴ-ում նույնպես դեղերի գները կտրուկ բարձրացան, սակայն կառավարությունն այդ հարցի կարգավորումն ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց (առաջիկայում մենք կանդրադառնանք դեղորայքային շուկային)։
Բնականաբար, ներմուծողների արդարացումը գնաճի հարցում մեկն է` միջազգային ֆինանսական շուկայում դոլարի դիրքի ամրապնդումը։ Սակայն միանշանակ է, որ գների անկում տեղի չի ունենում և չի ունենա, եթե դոլարն իր դիրքերը զիջի նույն միջազգային ֆինանսական շուկայում։ Այս իրողությունն արդեն անգիր գիտի մեր ժողովուրդը։ Պետք է նկատենք, որ մանրածախ շուկայում ևս անառողջ վիճակ է։ Եթե խանութները մեծածախ շուկայից ձեռք են բերում ապրանքը, ասենք, մեկուկես անգամ բարձր գնով, ապա իրենք մեկին մեկ թանկացնում են այդ նույն ապրանքը։ Եթե մեծածախ շուկայում ներմուծողները գնաճը պայմանավորում են նաև վառելիքի գնի, տրանսպորտային ծախսերի բարձրացմամբ, ապա մանրածախ շուկայում մեղքը գցում են խոշոր ներմուծողների վրա` դժգոհելով նրանց իրականացրած գնային քաղաքականությունից։ Այս անվերջանալի հակադարձ մեղադրանքների առանցքում երկու կողմերն էլ շահում են` մեծածախն էլ, մանրածախն էլ։ Տուժում է գնորդը։ Իսկ եթե նկատենք, որ Հայաստանի բնակչությունը սոցիալապես խիստ բևեռացված է, և միջին խավը մեծ տոկոս չի կազմում, ապա չենք կարող չփաստել, որ մեր բնակչության 70-75 տոկոսը ծանր դրության մեջ է հայտնվել ապրանքների գնաճի պատճառով։ Թվում է` խնդիրը մտահոգում է նաև պատկան կառույցներին։ Օրերս տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ նշված շուկաներում ուսումնասիրություններ են սկսվել։ Ի՞նչ արդյունքներ կտան դրանք` առաջիկայում պարզ կդառնա, սակայն, կարծում ենք, առանձնակի դրական տեղաշարժ բնակչության համար չպետք է սպասել, քանի որ ԿԲ-ն էն գլխից արդեն «լվանում է ներմուծողների երեսը»` կանխատեսելով նոր գնաճ։ «Առաջիկա վեց ամսվա ընթացքում գնաճի տեմպը որոշակիորեն արագանալու է` տարեվերջին գտնվելով նպատակային միջավայրի վերին սահմանի վրա, իսկ 2010-ի առաջին եռամսյակում նույնիսկ գերազանցելու է այն։ Գնաճը տատանման թույլատրելի սահման կվերադառնա միայն հաջորդ տարվա երկրորդ եռամսյակից»,- արձանագրում է ԿԲ-ն։
Այս առիթով տեղին է հիշել ժողովրդական ասացվածքը. «Եղունգ ունես, գլուխդ քորիր»։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուրը, ինչպես կարող է, գումար պետք է հայթայթի ոչ թե մարդավայել ապրելու, այլ գոյատևելու համար։ Մինչդեռ ճիշտ կլիներ, որ կառավարությունը որոշ ժամանակով իր ձեռքը վերցներ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների կարգավորման հարցը։ Սա չէր լինի շեղում ազատ տնտեսական քաղաքականությունից, այլ կդիտվեր որպես ծայրահեղ անհրաժեշտ քայլ` միտված բնակչության շահերի պաշտպանությանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2900

Մեկնաբանություններ